Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետք է ձերբազատվել Բոլտոնից, քանի ուշ չէ

Պետք է ձերբազատվել Բոլտոնից, քանի ուշ չէ
09.05.2019 | 11:48

Ոմանք լիովին հասկանալի ցանկություն ունեն, որ արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը կտրուկ հակադարձ դիրքորոշումներ ունենան, բայց ես չեմ հասկանում՝ ինչու են նրանք գտնում, որ հենց այդպես էլ կլինի:

Օրինակ, Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստոֆեր Հիլը հաստատում է. «Նախագահը վճռական է տրամադրված ռազմական գործողությունների դեմ, որտեп էլ լինի, Բոլտոնը, հակառակը, վճռականորեն տրամադրված է հօգուտ ռազմական գործողություների, այդ պատճառով վարչակազմը չի կարողանում միասնական դիրքորոշում մշակել»: Եթե Թրամփի ու Բոլտոնի դիրքորոշումները իրականում կտրուկ տարբերվում են, հասկանալի չէ՝ ինչու՞ են Բոլտոնին շարունակում թույլ տալ ազատ վերահսկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը՝ գրուm է Դենիել Լարիսոնը The American Conservative-ում: Կամ կա այսպիսի տեսակետ. «Ջոն Բոլտոնը ծրագրում է պատերազմ սկսել Իրանում, որի մասին միշտ երազել է, կամ՝ նա հայտնվել է պաշտոնանկման եզրին: Վերջին մի քանի օրերին Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը արել է մի շարք հայտարարություններ Իրանի ու Վենեսուելայի վերաբերյալ, որ սովորաբար արվում են ռազմական արշավի նախապատրաստման շրջանակներում: Այնուամենայնիվ, Բոլտոնի բոսը, կարծես, չի պատրաստվում նրա խաղը շարունակել»՝ գրել է Ջեյսոն Ռեզայանը The Washington Post-ում: Բայց Բոլտոնի հետ «չխաղացող» Թրամփը Բոլտոնին ու Իրանի նկատմամբ կոշտ գիծ վարողներին տվել է գործնականում ամեն ինչ՝ ինչ ցանկացել են: Թրամփը շատ ավելի առաջ է գնացել իր նախորդներից՝ Իրանի հետ ռազմական կոնֆլիկտի հիմք դնելով:

Թեպետ շատերը համոզված են, որ Թրամփը հարվածի հրաման չի տա, որովհետև այնպիսին չէ, ինչպես նախորդ նախագահները և դեմ է ինտերվենցիաներին: Բայց բոլոր ապացույցները հակառակն են վկայում: Համարվում է, որ Թրամփը բազմամյա, չափազանց թանկարժեք պատերազմի չի սկսի, որ կարող է տնտեսությունը ռեցեսիայի տանել: ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ, որ անօրինական պատերազմ է սկսել, համարել է, որ ռազմական կոնֆլիկտը կարճ կտևի և լուրջ դժվարություններ չի ստեղծի: Իհարկե, ոչ ոք չի ընտրի բազմամյա արյունալից պատերազմ: Բայց ամեն անգամ կատարվում է նույնը՝ կոշտ գծի անհեթեթ լավատեսական սպասումները բախվում են իրականության գրանիտին: Իսկ քաղաքական գործիչները շարունակում են հավատալ, որ այս անգամ ամեն ինչ այլ կլինի: Կգա պահ, որ Բոլտոնը Թրամփին կասի, որ հարձակումը Իրանի (կամ Վենեսուելայի) վրա «հաղթելու» միակ միջոցն է և Թրամփը, հավանաբար, առաջվա պես կլսի Բոլտոնին: Ոչ մի կասկած, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պետք է պաշտոնանկվի: Նույնիսկ եթե դուք Թրամփի վարչակազմի հակառակորդ չեք, Բոլտոնի վերջին մեկ տարվա գործունեությունը դժգոհություն է հարուցում: Բոլտոնը վճռել է բացահայտ սաբոտաժ անել ԱՄՆ վարչակազմի քաղաքականությանը, որովհետև իրեն ձեռնտու չէ, նա հակառակվում է որոշումների կատարմանը, որ իրեն դուր չեն գալիս և գլխիվայր է շրջում Սպիտակ տան քաղաքականությունը՝ ձևացնելով, որ կատարում է Թրամփի հրամանները: Քաղաքական գործընթացներին Բոլտոնի ղեկավարումը կարող է հանգեցնել այն տեսակետների ու տեղեկությունների արգելափակման, որ չեն համապատասխանում նրա սեփական օրակարգին: Այդ պատճառով տեղեկությունը պարզապես չի կարող Թրամփին հասնել: Սակայն Թրամփը քիչ էր ուշադրություն դարձնում կամ չէր դարձում այս ամենին: Քանի դեռ հրապարակավ Բոլտոնը լոյալ է Թրամփի քաղաքականությանը և աջակցում է նրա որոշումներին, նրան պաշտոնանկություն չի սպառնում: Եթե Բոլտոնը կյանքի կոչի իր վաղեմի ցանկությունը և ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմ սկսի, նա գուցե կորցնի պաշտոնը, բայց արդեն վերադարձի ճանապարհ չի լինի: Սպասելու փոխարեն, թե երբ ԱՄՆ նախագահը խորհրդականին կպաշտոնանկի, Կոնգերսն ու հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ Իրանի կամ Վենեսուելայի հետ պատերազմը բացարձակապես անթույլատրելի են: Թրամփը պետք է հասկանա, որ նախագահի պաշտոնը կորցնելու ռիսկին է դիմում, եթե վճռի պատերազմ սկսել:
REGNUM


Հ.Գ. Պետեր Վինկլերը Neue Zürcher Zeitung-ում գրում է՝ ԱՄՆ նախագահը հայտարարում էր, որ համաշխարհային ոստիկանի դերից ուզում է երկիրն ազատել, բայց այսօր ԱՄՆ-ը սրում է իրավիճակը միջազգային լարվածության մի քանի օջախներում: Վերջին օրինակը Իրանն է: Ի տարբերություն Բարաք Օբամայի կառավարության, որի գլխավոր ռազմավարական որոշումներից մեկը շրջադարձն էր արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Թրամփի կառավարությունն իր սեփական գերակայություններն է սահմանում: Մասնավորապես՝ շփման կետեր են գտնվել Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության հետ, որտեղ Իրանը համարվում է մեծ սպառնալիք: Ապրիլի կեսին նպատակային էսկալացիայի շրջանակներում ԱՄՆ-ը ԻԻՀ իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը հայտարարեց ահաբեկչական: Հետո նրանք մայիսի սկզբին հայտարարեցին, որ Իրանից նավթ գնող բոլոր երկրները ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվում: Կիրակի երեկոյան ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարեց «Աբրահամ Լինկոլն» ավիակիրների խմբի և ռմբակոծիչների օպերատիվ խմբի տարածաշրջան ուղարկելու մասին: Թեպետ Բոլտոնը չասաց, ակնհայտ է, որ դա պատասխան է Պարսից ու Օմանի նեղուցները միացնող Օրմուզի նեղուցը փակելու Թեհրանի սպառնալիքի: Այդ նեղուցը տանկերներով նավթի փոխադրման համար վիթխարի նշանակություն ունի՝ Իրանի ու Օմանի միջև այդ նեղլիկ տարածքով անցնում է նավթի համաշխարհային ծավալի մեկ երրորդը: Նեղուցի փակումն անկասկած կսադրի նավթի գնաճ բոլոր շուկաներում: Նախկինում Թեհրանը բազմիցս սպառնացել է նեղուցի վրա հարձակումով: Իշխանությունը, որ տեսնում է՝ ինչպես են հարցականի տակ դնում իր գոյության հիմքերը, որոշակիորեն պատրաստ է մեծ ռիսկերի: Սակայն զինված կոնֆլիկտը երկսայր սուր է: Արտաքին թշնամու հետ առճակատումը կնպաստի համախմբմանը, բայց նաև ապակայունացնելու է իրավիճակը: Ի սկզբանե Դոնալդ Թրամփը մտադիր էր դադարեցնել անվերջանալի պատերազմները և ԱՄՆ-ից հանել համաշխարհային ոստիկանի համազգեստը: Բայց հիմա նա, կարծես, պատրաստ է արագացնել լարվածության էսկալացիան միանգամից մի քանի ասպարեզներում, որ տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու են միմանցից: Լինի Հյուսիսային Կորեան, Վենեսուելան՝ ածանցյալ Կուբան, կամ Իրանը՝ ոչ միշտ է պարզ՝ որքանով է ԱՄՆ քաղաքականությունը սքողում ինչ-որ ռազմավարություն կամ բախվում է սեփական ռազմավարական մանևրների անցանկալի հետևանքներին: The New York Times-ի համար իր հոդվածում անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սյուզան Ռայսը կանխատեսում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության գլխավոր շարժիչ ուժը բազային ընտրախավը պահպանելու մշտական ձգտումն է: Դա իհարկե նոր հանդիմանություն չէ, որ հաճախ է ուղղվել նախկին կառավարություններին: Թրամփի դեպքը առանձնահատուկ է հրահանգների բազմաձայնությամբ, հաճախ ընդհանրապես հասկանալի չէ՝ ո՞վ է իրականում որոշում ճանապարհի ուղղությունը:


Երեկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ Թեհրանը ժամանակավորապես դադարեցնում է 2015-ին 6 պետությունների հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթներից երկուսի կատարումը՝ առաջիկա երկու ամիսներին սառեցված են լինելու միջուկային համաձայնագրի՝ ուրանի հարստացմանն ծավալներին, միջուկային ռեակտորներում օգտագործվող «ծանր ջրին» վերաբերող հոդվածները:

«Ըստ միջուկային պայմանագրի մի շարք դրույթների, մենք պարտավորություն էինք ստանձնել, որ ուրանի հարստացման մակարդակը չպետք է գերազանցեր 3,67 ցուցանիշը: Այս սահմանափակմանը մենք այլևս չենք հետևելու: Ուրանի հարստացման առավելագույն մակարդակ այսուհետ չի լինելու»՝ ասել Ռուհանին: Նա նամակներ է է հղել Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին` բացատրելով որոշման դրդապատճառները: Թեհրանը 60 օր ժամանակ է տրամադրում համաձայնագիրը կնքած կողմերին, որ կատարեն փաստաթղթով սահմանված իրենց պարտավորությունները: Խոսքը ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները շրջանցող գործուն մեխանիզմի ձևավորման մասին է: «5 պետությունների ղեկավարներին ուղղված նամակում մենք հստակորեն զգուշացրել ենք` եթե մեր այսօրվա քայլը որպես պատրվակ օգտագործելով Իրանի միջուկային ծրագրի թեման հայտնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, մեր կողմից շատ կոշտ պատասխանի կհանդիպի: Մեր մտադրությունները շատ պարզ են: Մենք այս քայլով ցույց տվեցինք մեդալի հակառակ կողմը: Եթե համաձայնագիրը կնքած մյուս պետությունները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, մենք ի պատասխան կարող ենք նմանատիպ քայլերի դիմել: Բայց մեր ժողովուրդը պետք է հստակ ըմբռնի, որ մենք սահմանափակում ենք միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակը, այլ ոչ թե լքում համաձայնագիրը», - հայտարարել է Ռոհանին:
Փաստացի Ռոհանին առժամանակ հրաժարվում է Օրմուզի նեղուցը փակելուց՝ «Աբրահամ Լինկոլն» ավիակրի Պարսից ծոցի ջրերում հայտնվելուց հետո ու անցնում է պայմանագրային միջոցներին: Ո՞րը կլինի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատասխանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ